Ակնկալվում է, որ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների, տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման և վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 14-ի նիստին ներկայացրեց ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծով առաջարկվում է, որ սկզբնական փուլում ամպային տիրույթում են տեղադրվելու այն տվյալները և տեղեկատվությունը, որոնք չեն լինի պետական գաղտնիք և հանրային տեղեկությունների դասակարգման արդյունքներով կհամարվեն ցածր ռիսկայնության:
«Նախագծով առաջարկվում է, որ հանրային իշխանության մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող, պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով ցածր ռիսկայնությամբ դասակարգված հանրային տեղեկությունը տեղադրեն ամպային տիրույթում, որոշակի ժամկետով պահպանեն գործող սերվերային համակարգերը որպես հիմնական տարբերակ՝ մինչև ամպային տիրույթ տեղափոխած տարբերակի հաջողված փորձարկումը, ՀՀ-ում պահպանեն դրա պահուստային տարբերակը նվազագույն անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքների ներգրավմամբ, ձեռնպահ մնան պետական տեղեկատվական համակարգերի, տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով առանձին սերվեր ձեռք բերելու գործընթաց նախաձեռնելուց: Անհրաժեշտության պարագայում տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քննարկմանը ներկայացնել սերվեր ձեռք բերելու ողջամիտ հիմնավորում»,- ասաց նախարարի տեղակալը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս որոշմամբ հայտարարում են, որ ՀՀ-ը որդեգրում է Cloud First Policy, այսինքն՝ «ամպային առաջինը» քաղաքականություն, սա նշանակում է, որ պետական տվյալներն այսուհետ պիտի պահվեն վիրտուալ տիրույթում:
Փաշինյանը նաև կարևորեց որոշումն այն պարզաբանմամբ, որ ֆիզիկական տարածքում տվյալները պահելը շատ մեծ ծախսերի հետ է կապված, թեև չհերքեց, որ կան նաև որոշակի կիբեռռիսկեր:
«Հիմա մեր ամբողջ հաշվարկն այն է, որ այդ տվյալները ամպային տիրույթում պահելով՝ մենք ավելի քիչ միջոցներ կծախսենք, այդ տեղեկությունների՝ վնասվելու, կորչելու, ոչնչանալու հավանականությունը կնվազեցնենք, այդ տվյալների օգտագործելիության օպերատիվությունը և մատչելիությունը կմեծացնենք և ավելի տեխնոլոգիական մոտեցում կցուցաբերենք մեր տվյալների կառավարմանը: Այս պրոցեսի հեռահար նպատակներից մեկն իրականում տվյալների անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենալն է, որովհետև նման պարագայում այդ տվյալը ֆիզիկապես վնասելուց պաշտպանված է»,- ասաց նա:
Եզրափակելով խոսքը՝ վարչապետն ընդգծեց, որ հիմնական գործն այսօր այն արձանագրումն է, որ ՀՀ-ն սկսում է «ամպային առաջինը»՝ Cloud First քաղաքականության որդեգրում և ներդրում: