ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Բա դրանից հետո ես պետք է գնամ, Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ: Բա դո՞ւք չեք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց, որ, այնուամենայնիվ, գալու է մի իրավիճակ, երբ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում ստիպված է լինելու նստել նույն սեղանի շուրջ:
«Ես արձանագրում եմ, որ Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի: Ընդհանրապես:
ՀԱՊԿ-ի հետ կապված՝ կարո՞ղ է արդյոք որևէ բան փոխվել: Տեսականորեն չի կարող բացառվել, որ, օրինակ, Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար լինի ընդունելի»,- հայտարարեց վարչապետը: