Առաջարկվում է քրեական օրենսգրքում նախատեսել կիբեռհանցագործությունների ցանկ, որը հնարավորություն կտա հստակ կողմնորոշվել, թե որ հանցագործություններն են, որ պետք է դիտարկվեն կիբեռհանցագործությունների շրջանակում: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ հունիսի 13-ի նիստին ներկայացրեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ այն բաղկացած է երկու մասից, մեկը վերաբերում է կիբեռհանցագործություններին, մյուսը՝ կրիպտոարժույթներին:
«Սա թույլ կտա նաև իրավապահ համակարգին ավելի թիրախային և մասնագիտական ստորաբաժանումների միջոցով հստակեցնել աշխատանքների ծավալները»,- ասաց Արփինե Սարգսյանը, ապա անդրադառնալով կրիպտոակտիվների մասով փոփոխություններին՝ հավելեց, որ շուկայի մասով կառաջարկվեն որոշակի կարգավորումներ, որոնք հետագծելիություն կապահովեն նաև իրավապահ համակարգի համար:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարցրեց՝ ասվում է, որ կան բանկեր, որոնք սպասարկում են կրիպտոարժույթով, բայց նաև շահառուները պնդում են, որ այս պահին նման բան չկա, իսկ չլինելու հանգամանքը կարող է վնաս հասցնել այդ գործունեությամբ զբաղվողներին:
«Գլխադասային հանձնաժողովում հարցը քննարկվել է: Մեր ներքին քննարկումները թույլ են տալիս նշել, որ կան որոշ բանկեր, որոնք սպասարկում են, բայց դա դեռևս համատարած բնույթ չի կրում, և պայմանավորվել են, որ առաջինից երկրորդ ռեժիմում ժամանակագրական առումով այս կարգավորման՝ ուժի մեջ մտնելու հատվածը դիտարկել հենց այդ համատեքստում, որպեսզի մնացյալ բանկերը որևէ խնդիր չառաջացնեն այս ընկերությունների համար»,- ասաց նա:
Հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նկատեց՝ կրիպտոակտիվն այսօր աշխարհում ամենաարագ փոխանցվող ակտիվն է, և որ արագությունը կրիպտոարժույթի գործում կարևոր դեր ունի:
«Բիրժաներում կրիպտոակտիվի գործարքներ անող կազմակերպությունները կարող են մեկ րոպեի տարբերությամբ ունենալ մեծ կորուստներ, և այս առումով բանկային համակարգն այդ արագությունը չի կարող ապահովել, դրա համար մի փոքր պետք է մտածենք անկանխիկի մասով»,- ասաց պատգամավորը: