Կրիպտոակտիվների օրենսդրությունը դրել ենք հանրային տիրույթում քննարկման: Դրա հիմնական դրույթները վերցրել ենք եվրոպական օրենքից: Նախագիծը շուտով կգնա Կառավարություն՝ քննարկումների, ապա կհանձնվի Ազգային ժողովի դատին: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե ինչ տեսլական ունի Հայաստանը կրիպտոարժույթի հետ կապված, և արդյոք այժմ կրիպտոարժույթով գործարքներ կատարվո՞ւմ են ՀՀ բանկերում:
«Ինչ վերաբերում է բանկերի կողմից կրիպտոսպասարկումներին, այո՛, դեպքեր կան, որ անում են: Մենք ժամանակին ունեինք շրջաբերական, որով չէր հորդորվում այդ ոլորտ մտնել, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանկերում այդ գործունեության տեսակը առկա է:
Հիմա այս կարգավորումը, կարծում եմ, ավելի կկանոնակարգի այդ հարաբերությունները: Կարծում եմ, որ օրենքի ընդունման դեպքում մարդիկ, որոնք բարեխիղճ ներդրող են այդ ակտիվներում, իրենց կյանքն էապես կբարելավվի այն առումով, որ փորձառությունը կլինի ավելի դրական»,- ասաց նա: