Ինչո՞ւ է ստացվել այնպես, որ Հայ Առաքելական Եկեղեցու որոշ բարձրաստիճան սպասավորներ ուղղակի ատում են ՀՀ վարչապետին: Ես երկար եմ մտածել այս հարցի շուրջ, ու, իմ կարծիքով, գտել եմ ճշգրիտ պատասխանը. որովհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քրիստոնյա է: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ատում են, որովհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար եկեղեցին Աստծո տունն է, ոչ թե կառուցման մեջ ատկատ բռնելու միջոց:
Ատում են, որովհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սաղմոսն աղոթք-մարգարեություն է, օրհներգություն է, ոչ թե ռեպերտուարի, շանսոնի նման երգ, որ գողական բազարների և փողի բազարների արանքում իրար մեջ կարող են ասել տրամադրությունները փոխելու համար:
Ատում են, որովհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար քրիստոնեական արժեքները, պատվիրանները բացարձակ են, ոչ թե ուղղակի քող, որոնց տակ թաքնվելով՝ կարելի է անել դրանց ճիշտ հակառակը:
Այս ամենն այն մասին է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրած արժեքների և Հայ Առաքելական Եկեղեցու որոշ բարձրաստիճան սպասավորների միջև կա արժեքային գերխզում, գերխզո՛ւմ ուղղակի, ու այդ գերխզման առաջնային կետը հավատքն է առ Աստված»,- ասաց նա: