Հավաքների ազատությունն ունի երկու սահմանափակում. այն պետք է լինի խաղաղ, և այն պետք է լինի առանց զենքի: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նաև արագ ապաքինում մաղթեց երեկ վիրավորում ստացած քաղաքացիներին:
Ըստ Վարդանյանի՝ հավաքի կազմակերպիչներն ունեն որոշակի պարտավորություններ: Հավաք կազմակերպելիս պետք է զերծ մնան ցանկացած տեսակի բռնության կոչից, հավաքի կազմակերպիչները պետք է նաև միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այդ բռնության կոչերը մարեն, իսկ բռնության կոչ իրականացնողները հեռացվեն հավաքից: Ոստիկանությունն էլ, իր հերթին, ունի պարտավորություններ:
««Հավաքների ազատության մասին» օրենքը ոստիկանությանը հստակ իրավունք է տալիս առանց նախազգուշացնելու ցրել հավաքը, եթե սկսվել են զանգվածային անկարգություններ»,- ասաց նա և հավելեց, որ ոստիկանությունը հավաքը ցրելու իրավունք ունի նաև զանգվածային անկարգությունների պարագայում:
«Բայց արձանագրենք, որ երեկ տեղի ունեցածից հետո, երբ ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ, խաղաղ փուլ տեղափոխվելուց հետո, ըստ էության, հավաքը շարունակվեց, հավաքը չի դադարեցվել: Հավաքը շարունակվել է ոստիկանության ուղեկցությամբ, աջակցությամբ: Անձինք երթ են իրականացրել Բաղրամյանից Կառավարություն և Կառավարությունից Բաղրամյան»,- ասաց նա: