Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ծրագրված հարձակում էր Հայաստանի Հանրապետության պետականության և ժողովրդավարության դեմ: Ամեն բան առավել քան ակնհայտ է: Խորհրդարանական ընդդիմությունը, որը Կառավարության հետ հարցուպատասխաններին կամ նիստերին գրեթե չի գալիս, պարտաճանաչ կերպով ներկայացել էր երեկ, որպեսզի ներսում լարեր իրավիճակը, սուտասան Բագրատը տաքացներ հավաքվածներին, և տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ: Անդրադառնալով երեկ և այսօր տեղի ունեցող իրադարձություններին՝ այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Երեկ փորձ արվեց իրականացնել երկրորդ Նոյեմբերի 9-ը, բայց եթե 2020-ին մեր ոստիկանները, ուժային կառույցի ծառայողները Երևանից հեռու կյանքի ու մահվան կռիվ էին տալիս մեր անկախության ու ինքնիշխանության համար ու չկարողացան կանխել պետական ինստիտուտների վրա հարձակումները և ԱԺ-ի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի վրա մահափորձը, ապա այսօր նրանք այստեղ են, բայց, ցավոք, Երևանի կենտրոնում են ստիպված պաշտպանել ՀՀ պետականությունն ու ինքնիշխանությունը արդեն ներքին թշնամուց»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ պետական և հասարակական կարգի պահապաններին:
Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե Կառավարության ծրագիրը չի կատարվել, ԼՂ-ին վերաբերելի հատվածն այլևս իրագործելի չէ՝ նշեց՝ քանի անգամ պետք է ԱԺ ամբիոնից արձանագրենք, որ այդ դավաճանական խմբակը (ընդդիմադիր պատգամավորները - խմբ.) պալատական հեղաշրջում է արել ԼՂ-ում և լուծարել ԼՂ-ն՝ վերջնականապես փակելով ԼՂ-ի հայ ժողովրդի՝ իր հողում ապրելու վերջին պատմական հնարավորությունը:
«Ահա, թե ովքեր են այս մարդիկ»,- ասաց Հովհաննիսյանը՝ մատնացույց անելով ընդդիմադիրների դատարկ աթոռները:
Նրա խոսքով՝ այդ ամենից հետո նրանք բարոյական իրավունք չունեն խոսելու ԼՂ-ի մասին և հիմա փորձում են կաթողիկոս-Քոչարյան տանդեմի ղեկավարությամբ եկեղեցին և կրոնը պղծող՝ իբր հոգևորականներով նույնն անել Հայաստանի հետ:
«Ահա, թե ովքեր են այս մարդիկ: Հիմա էլ եկել, ասում են, թե ստախոս Բագրատը թող դառնա մեր ժամանակավոր կառավարության ժամանակավոր վարչապետը: Ասում են ուղիղ տեքստով՝ եկեք ոչ սահմանադրական ճանապարհով ստեղծենք ժողովրդի լեգիտիմությունը չունեցող մարմին, որ իշխանությունը անցնցում հանձնենք արտաքին ուժերին: Ուղիղ տեքստով են ասում, չեն էլ ամաչում: Չի ստացվելու ձեզ մոտ, մենք թույլ չենք տալու: Ձեր փորձերը՝ երկրորդ Նոյեմբերի 9-ը կազմակերպել, չե՛ն ստացվելու, երկրորդ Հոկտեմբերի 27 չի՛ լինելու: Երկրորդ Մարտի 1 չի՛ լինելու:
Դուք հիշեք, որ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի քաղաքական խարանը մնալու է ձեզ և ձեր քաղաքական սերունդների վրա: 44-օրյա պատերազմի քաղաքական հետևանքների, ԼՂ-ի լուծարման խարանը մնալու է ձեզ և ձեր քաղաքական սերունդների վրա հավիտյանս հավիտենից»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք 2021 թվականից հայ ժողովրդից ստացել են պողպատե մանդատ և անշեղորեն առաջ են տանելու Հայաստանի անկախության և ինքնիշխանության շարժումը։
«Եվ ամեն անգամ, երբ փորձ անեք ոտնձգել Հայաստանի պետականության դեմ, պողպատե մանդատը իջնելու է ձեր գլխին՝ նորից ու նորից, ուժեղ ու ավելի ուժեղ։ Ապագա կա, և այդ ապագան սահմանազատված և սահմանագծված, խաղաղ և ինքնիշխան, զարգացած և առաջադեմ Հայաստանի Հանրապետությունն է: Սա է մեր նպատակը: Մեր նպատակը մեծ է մեզանից, դրա համար մենք չենք վախենում ձեզանից:
Կեցցե ժողովրդի պետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- խոսքը եզրափակեց պատգամավորը: