Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի պաշտոնի համար 3 թեկնածու է առաջադրվել՝ Արմեն Դանիելյան, Ռուբիկ Մխիթարյան, Մանվել Շահվերդյան:
ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանը նշեց, որ արդարադատություն իրականացնելիս հնարավորինս ձգտել, ձգտում է և ձգտելու է պաշտպանել, պահպանել և ամրապնդել դատական իշխանության հեղինակությունն ինչպես իր գործունեությամբ, այդպես էլ անձնական վարքագծով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց՝ դատավորի թեկնածուն հայտարարագրված գումար ունի, որը, սակայն, կանխիկացված է, ի՞նչն է պատճառը: Արմեն Դանիելյանը պարզաբանեց՝ առողջության հետ կապված խնդիրներ ունի, սրտի բաց վիրահատության է ենթարկվել և «ձեռքի տակ» գումար ունենալու անհրաժեշտություն ունի:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դասախոս Ռուբիկ Մխիթարյանն իր ելույթի ժամանակ համոզմունք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործում պետության կողմից դրսևորող «աննախադեպ կամքի իրացման շրջանակներում» համապատասխան մեխանիզմների համադրված կիրառումը ոլորտում էական արդյունքներ ապահովելու տեսանկյունից սպասել չի տա:
«Համոզված եմ, որ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված դատարանների առկայությունն առավել համակարգված բնույթ կհաղորդի նշված պրակտիկային և հետագա զարգացումներին: Ըստ այդմ՝ Հակակոռուպցիոն պալատի գործառույթները և մասնագիտացված դատավորների առկայությունն առավել արդյունավետ կդարձնեն կոռուպցիոն հանցագործությունների լուծումը՝ մի կողմից, մարդու իրավունքների և ազատությունների իրացումը՝ մյուս կողմից»,- ասաց նա:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն էլ հայտարարեց, որ թե՛ իր անձով, թե՛ մասնագիտական ունակություններով արժանի է պաշտոնը ստանձնելուն:
«Կկարողանամ իմ փորձառությունը և մասնագիտական գիտելիքները լավագույնս ծառայեցնել այն որոշումների կայացմանը, որտեղ օրենքի միատեսակ կիրառության խնդիր կա»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց՝ Մանվել Շահվերդյանի անվան հետ կապված քրեական գործ կա, ինչի՞ մասին է խոսքը: Դատավորի թեկնածուն պարզաբանեց՝ հաշվապահական անճշտությունների հետևանքով գումարային շարժ է տեղի ունեցել, բայց վերջնարդյունքում գումարը վերադարձվել է: