Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իմ ճանաչած պաշտոնյաների մեջ այն մարդն է, որը միշտ անկեղծ և հետևողական ուզել է պայքարել և պայքարել է կոռուպցիայի դեմ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Որևէ մեկս էս երկրում միայնակ չենք կարող վերացնել կոռուպցիան։ Ես ինքս կոռուպցիան ատում եմ, կոռուպցիան ինձ համար ամենազզվելի երևույթն է, բայց ես չեմ կարող ասել, որ ես վերացրել եմ կոռուպցիան դատական համակարգում»,- նշեց նա։
Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ են մի շարք մարմիններ՝ Հակակոռուպցիոն կոմիտե, օպերատիվ բոլոր ծառայությունները, իրավապահ բոլոր մարմինները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ազդարարող քաղաքացիներ։ «Բոլորս միասին ենք պայքարում կոռուպցիայի դեմ։ Այլ հարց է, որ ես վստահ եմ եղել որպես նախարար, հիմա էլ վստահ եմ, որ Հայաստանի երեք իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր, դատական, ունեն զրո հանդուրժողականություն համակարգային կոռուպցիայի և ընդհանրապես կոռուպցիոն երևույթների դեմ։ Առանձին անձերի մասին չեմ ասում. ընդհանուր, որպես քաղաքականություն»,- նշեց նա։