Մենք 2021-2026 թթ. ծրագրում չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ, մենք այդպիսի բան չենք ասել, մենք ասել ենք, որ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք: Ե՞րբ դա տեղի կունենա՝ կորոշենք: Հնարավոր է՝ մեկ ամսից, հնարավոր է՝ 1 տարի, հնարավոր է՝ 3 տարի: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն քննադատությանը, թե քանի որ իշխող ուժի վարած քաղաքականությունը մի շարք դեպքերում հակասում է Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրին, ուրեմն Կառավարությունը պետք է հրաժարական տա:
Փաշինյանը պարզաբանեց՝ դիվանագիտական տեսանկյունից իշխող ուժի ծրագրում գրված է, որ ՀԱՊԿ-ի մեխանիզմների հետ կապված հարցեր կան, և որ պետք է գնալ այդ հարցերի պատասխանը ստանալու՝ նպատակ ունենալով այդ պատասխանները ստուգել ՀՀ պետական շահերի տեսակետից:
«Սա գրել ենք 2021 թվականի ամռանը, մի միջավայրում, երբ արդեն տեղի էր ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում: Իսկ այդ ներժուժումից առաջ ՀԱՊԿ գործընկերներից ստացել էինք հավաստիացում, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է կազմակերպության և դաշնակիցների համար: Բայց արդեն այդ պահին, երբ 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժմանը չէր հետևել ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանք, Կառավարության ծրագրում մենք շատ նրբորեն կասկածի տակ էինք դրել ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցը»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ երբ հայկական կողմը հասկացել է, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում կատարել իր պարտականությունները, 2022 թվականի նոյեմբերին չեն ստորագրվել ՀԱՊԿ փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանել ՀՀ շահերին, և սա արվել է ի կատարումն ՀՀ շահերի, ոչ թե ի հեճուկս ՀՀ շահերի:
«Հիմա ընդդիմության ասածն ի՞նչ է. որ մենք հլու-հնազանդ պետք է ստորագրեինք այն թղթերը, որոնք Կառավարության ծրագրին կամ մեր երկրի շահերին չեն համապատասխանում, որոնք կասկածի տակ էին դնում մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ու որ դա չենք արել, պիտի հրաժարական տա՞նք»,- ասաց նա: