ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իշխող խմբակցության անունից ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի մեղադրանքներին:
«Իհարկե, տհաճ է, որ ընդդիմությունը, իր կանոնների համաձայն, խրոխտ խոսեց և գնաց, և չնայած ասված է՝ հեռացածների հետևից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, ամեն դեպքում, ավելի կարևոր է ասել ճշմարտությունը, քան լավի կամ ոչնչի հետևից ընկնել:
Նախ՝ ցանկանում եմ արձանագրել՝ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, բայց մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը, հանդես էր գալիս Տրոյական ձիու կարգավիճակով: Բանն այն է, որ իրենց կողմից իրենց շարժման առաջնորդ հռչակված՝ վեղարով Նեռի ներկայացուցիչը, ով երեկ այդ դեպքերից մի քանի ժամ առաջ Բաղրամյան պողոտայում խոսում էր ներքին թշնամիների մասին՝ մատնացույց անելով և նկատի ունենալով մեզ, ապա հայտարարում էր, որ իրենք պիտի մտնեն Ազգային ժողով և դրանից հետո «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ-պատգամավորները, ովքեր դրսում միտումնավոր և նպատակաուղղված սադրում էին իրավիճակը, հրմշտում էին ոստիկաններին, բռնություն էին գործադրում ոստիկանների նկատմամբ և հարձակում էին գործադրում իրենց օրինական գործառույթներն իրականացնող ոստիկանության, իրավապահ մարմինների նկատմամբ, և փորձում էին ժողովրդի հետ ներխուժել Ազգային ժողով, ոչ ոքի համար անակնկալ, չէ, թե ինչ էին ուզում նրանք անել:
Այնուհետև դեպքերի զարգացման արդյունքում պարզ դարձավ, հայտարարվեց իրենց վեղարով առաջնորդի կողմից, որ փնտրում են նաև վարչապետին՝ հաշվեհարդար տեսնելու համար:
Սա, ըստ էության, ահաբեկչության փորձի հստակ դրսևորում էր»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ Արծվիկ Մինասյանը դահլիճում խոսում է Մարտի 1 անելու ինչ-որ տարօրինակ մղումների մասին՝ այդկերպ փորձելով կոծկել երեկ Հայաստանում երկրորդ Նոյեմբերի 9-ը իրականացնելու իրենց այլանդակ ծրագիրը:
Կոնջորյանն ընդգծեց՝ նույն բանը նույն խոսույթով, նույն ղեկավար կազմի միջոցով երեկ էր տեղի ունենում, և նույն մարդկանց կատարմամբ փորձ էր արվում իրագործել երկրորդ Նոյեմբերի 9, իսկ հաջողության պարագայում՝ նաև երկրորդ Հոկտեմբերի 27:
«Եվ ահա «Հայաստան» դաշինքը նոր Նաիրի Հունանյանի Տրոյական ձին էր՝ այստեղ նստած: Եվ իրենք նպատակաուղղված կերպով իրենց պատգամավորներին ուղարկել էին դուրս, որպեսզի այնտեղ իրավիճակը սադրեն: Առաջին սադրանքն իրագործել են, ըստ էության, «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Գառնիկ Դանիելյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Սարգսյան, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները՝ Տիգրան Աբրահամյան, Աննա Մկրտչյան, Ասպրամ Կրպեյան, որոնք բռնությամբ և ագրեսիայով փորձում էին տաքացնել ժողովրդին և հարձակում գործել խորհրդարանի վրա: Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության փորձ, և այս դեպքերին հաջորդող՝ վեղարով առաջնորդի հայտարարությունը վարչապետին գտնելու և հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ, ապացուցում են, որ նրանք հստակ պլանավորված ահաբեկչական գործողություն էին ծրագրել ՀՀ-ի դեմ: Սա էր իրականությունը»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
Կոնջորյանն ընդգծեց՝ ՀՀ իրավապահ մարմինները երեկ բոլոր օրինական միջոցներով կանխել են Հայաստանում երկրորդ Հոկտեմբերի 27-ը, կանխել Հայաստանում երկրորդ պետության գլխատումը, կանխել են Հայաստանը գուբերնիա դարձնելու նպատակաուղղված ծրագիրը:
Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրողություններին հաղորդել այլ շղարշ, ըստ պատգամավորի՝ պիտի ժամանակ տրամադրեն և դեպքերի հաջորդականությունը շղթայով միացնեն իրար: