Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա: Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին՝ նախքան 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն անցնելը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձություններին:
«Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա: Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ պետականությունը: Ընդ որում՝ եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը, հարձակումից որոշ ժամանակ առաջ դիմելով ոստիկաններին, ասել է, թե՝ տղանե՛ր, հանե՛ք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում, որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ, ցավոք, Հայ Առաքելական Եկեղեցու երկու բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին:
Տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի: Բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության: Այս պահին հոսպիտալացված է 16 անձ, այսինքն՝ մնացածը, բուժօգնություն ստանալով, գնացել են տուն: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար:
Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս և փորձում էին համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել: Նման բան չկա: Քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքերի մատներից երեքը հեռացվել են, ինչի համար ցավում եմ, բայց նաև տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքը գետնից վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է, և որը պայթել է նրա ձեռքի մեջ: Եթե վերցնելու ակտը տեղի չունենար, նման բան տեղի չէր ունենա»,- ասաց նա: