Նախորդ տարի բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների 8420 ուսուցչի աշխատավարձը բարձրացել է 25 տոկոսով, գյուղական բնակավայրերի փոքր դպրոցներում աշխատող բոլոր առարկաների շուրջ 3000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է մինչև 50 տոկոսով կամ ավելի քան 40 հազար դրամով: Այս մասին խորհրդարանում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Կամավոր ատեստավորման միջոցով շուրջ 3830 ուսուցիչ առնվազն կրկնապատկել է վարձատրությունը:
«Տարակարգի նոր մեխանիզմով արդեն ավելի քան 100 ուսուցիչ ունենք ևս 50 տոկոս հավելավճարով: Այս մեխանիզմները մեր երկրում իրականություն են դարձրել ուսուցչի 300-400 հազար դրամ վարձատրությունը հարյուրավոր ուսուցիչների համար: Ունենք մինչև 600 հազար դրամ ստացող ուսուցիչներ՝ առաջին հերթին իրենց աշխատանքի և ջանքի արդյունքում՝ օգտվելով Կառավարության ընձեռած հնարավորություններից»,- նշեց նախարարը՝ ընդգծելով՝ սրա արդյունքում նախորդ տարի համակարգում գրանցել ենք ավելի քան 3300 նոր ուսուցիչ:
«Առաջին հայացքից անհավատալի արդյունք է, որը գրանցել ենք շնորհիվ նրա, որ չնայած քննադաատություններին ու թերահավատությանը՝ շարունակաբար ջանք ենք դրել ուսուցչի աշխատանքը գրավիչ ու մրցունակ դարձնելու ուղղությամբ, և այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ արձագանքում են Կառավարության քաղաքականություններին:
Ավելի քան 3300 ուսուցիչ նոր է մուտք գործել համակարգ: Նրանց 16 տոկոսը տղամարդ ուսուցիչներ են, նրանց կեսից ավելին աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում, 32 տոկոսը մինչև 30 տարեկան են, 39 տոկոսը՝ 31-40 տարեկան, ինչը նաև սերնդափոխության լավ ցուցանիշ է»,- փաստեց նախարարը:
Նրա խոսքով՝ նոր ուսուցիչները հատկապես ակտիվ են ներգրավվել բնագիտական առարկաների, ֆիզկուլտուրայի ուղղությամբ, որտեղ տարիներ շարունակ ուսուցիչների պակասի խնդիր կար:
«Ուրեմն ճիշտ ճանապարհին ենք, և արդեն իսկ մի համակարգ ունենք, որտեղ ուսուցչի աշխատանքը դառնում է գրավիչ»,- ասաց նախարարը: