Հայաստանը դարձավ 43-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։ Բացման խոսքում ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել է Արտեմիսի համաձայնագրին միանալու Հայաստանի որոշումը՝ ընդգծելով գիտության, տիեզերական հետազոտության, աստղագիտության ոլորտներում Հայաստանի՝ պատմականորեն արձանագրած մեծ նվաճումները։
Իմ խոսքում կարևորել եմ ՀՀ-ի և Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերությունը՝ նշելով, որ այս իրադարձությունը մեծ քայլ է երկու երկրների միջև գիտության, մասնավորապես, տիեզերական հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում:
«Բարդ ժամանակները մեզ ստիպում են փնտրել նոր հնարավորություններ, գտնել նորարար լուծումներ՝ մեր հայացքը ուղղելով դեպի վեր՝ Տիեզերք, որտեղ չկան սահմաններ. երազելու, մեծ երազանքներն իրականացնելու համար այն բացառիկ հնարավորություն է։ Մարդու՝ Լուսին վերադարձի ու Լուսնից այն կողմ ճանապարհորդության մասին այս նախաձեռնությանը միանալով՝ Հայաստանը դարձավ տիեզերքի կայուն և խաղաղ հետազոտության մեծ տիեզերական ընտանիքի անդամ», - այսպես ամփոփել եմ ելույթս։
Միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը»,- գրել է նա։