Երբ որ Հայաստանը և Ադրբեջանն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարեն միմյանց նկատմամբ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ և այլն, մնացած բոլոր հարցերը լուծվելու են այդ շրջանակում: Եթե տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, մնացած բոլոր հարցերը լուծվում են: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ձեր տրամաբանությունն այն է, որ կարող է խաղաղության պայմանագիրը լինի, հետո՝ մնացած ամեն ինչը, բայց կարող է հակառակը լինել: Կարող է իրական խաղաղություն ձևավորվել կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձևակերպվի խաղաղության պայմանագիրը, բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիր»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Փաշինյանը: