ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2024 թ. հունիսի 12-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։
Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: