Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին:
Նախագահը ողջունել է Ժան-Պիեռ Ռաֆարենի այցը Հայաստան:
«Շատ կարևորում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, որը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեկ այլ վկայություն է:
Ցանկանում եմ նաև մեր գոհունակությունը հայտնել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների կապակցությամբ և առանձնահատուկ ընդգծել այն դրական դինամիկան, որը նկատվում է մեր հարաբերություններում վերջին երեք տարիների ընթացքում: Մեծապես գնահատելի է Ֆրանսիայի իշխանությունների և, հատկապես, Էմանուել Մակրոնի դերն այս գործում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Ժան-Պիեռ Ռաֆարենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
«Շնորհակալություն, պարոն նախագահ, այն պատվի համար, որին մեզ արժանացնում եք: Մենք ևս մեծապես գնահատում ենք Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները: Սա մի հարց է, որը լիակատար կոնսենսուս ունի Ֆրանսիայում: Մենք մեր երկրում կարող ենք ունենալ ներքին խնդիրներ, անհամաձայնություններ, քննարկումներ, սակայն Հայաստանին աջակցելու և, հատկապես, խաղաղության հասնելուն ուղղված ջանքերի աջակցության շուրջ Ֆրանսիայում լիակատար կոնսենսուս կա»,- նշել է Ֆրանսիայի նախկին վարչապետը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ քայլերին և ուղղություններին նվիրված հարցեր: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ ունենալու ուղղությամբ Հայաստանի որդեգրած դիրքորոշումների և սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:
Նախագահը նաև բարձր է գնահատել «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության գործունեությունը և հույս հայտնել, որ կազմակերպությունը արդյունավետորեն կփոխգործակցի հայաստանյան գործընկերների, կրթական ոլորտի ներկայացուցիչների և բուհերի հետ: