Հունիսի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել առ այն, որ հարձակում է տեղի ունեցել Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։
«Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրոնական, լեզվական, մշակութային իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինեն: