Հայաստանի արտաքին քաղաքականության ձևը և բովանդակությունն անցնող տարիներին արմատապես փոխվել են: Այս մասին 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ նշելով, որ կթվարկի դրանցից երեքը:
«Կարևորագույն փոփոխությունները, որ տեղի են ունեցել արտաքին քաղաքականության վարելու ձևի մեջ, սրանք են. նախ՝ ՀՀ քաղաքացիները ամենայն մանրամասնությամբ տեղեկացված են այդ քաղաքականությունից, որպեսզի կարողանան այդ թվում գնահատել Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և որոշում կայացնել հաջորդ համապետական ընտրություններում:
Հայաստանը արտաքին քաղաքականության սկզբունք է ընդունել լեգիտիմությունը և այլևս ինքն իրեն բանակցությունների և առավել ևս գրավի առարկա չի դարձնի, քանի մոլորվել է պատմական ու իրավական արգումենտների մեջ:
Եվ, ի վերջո, ճշգրտվել են և ճշգրտվում են մեր և աշխարհի հարաբերությունները: Հայաստանը երկիր է Հարավային Կովկասում և բարեկամական հարաբերություններ պիտի ունենա իր հարևանների հետ և բոլոր այն հեռու և մոտիկ երկրների հետ, որոնք իրենց շահերի մեջ տեղ կունենան Հայաստանի ու հարևանների հարաբերություններին նպաստելու համար կամ առնվազն դրանց չխանգարելու համար»,- ասաց նա: