Ընդունենք, որ Կառավարությունը 2023-ի բյուջեն անվտանգության մասով կատարել է հավուր պատշաճի. Անդրանիկ Քոչարյան
2023 թվականն ավելի ամրացրել է մեր ներքին և արտաքին անվտանգության համակարգը, և սա ամրացնելով՝ մենք ձեռնամուխ կլինենք 2024 թվականի՝ ավելի ամբիզիոզ ծրագրերի կատարմանը, որը միտված է և՛ ներքին կարգուկանոնին, և՛ մեր անվտանգային ամբողջ միջավայրի՝ ավելի կայուն և բարձր մակարդակի վրա տեսնելուն: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության՝ փակ ձևաչափով հատվածում քննարկվել են ՊՆ-ի ծրագրերը, ապա հայտարարեց. «Այսօր մեր կապիտալ ծախսերը, որ հիմնականում սպառազինության ձեռքբերման և մյուս ծրագրված խնդիրների լուծմանն են միտված, կատարված են 99,92 տոկոսով: Սա շատ կարևոր է»:
ԱԱԾ-ի կատարողականը 99,22 տոկոս էր: Այս մասով հարցերը, ըստ Քոչարյանի, քիչ էին՝ ուղղված ԱԱԾ տնօրենին, քանի որ այդ կառույցի նկատմամբ ընդդիմության վերաբերմունքն այլ է, քան ՆԳՆ-ի նկատմամբ է՝ օրինակ:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ռազմարդյունաբերության ոլորտում ևս կային թերակատարումներ, ապա նաև հույս հայտնեց, որ դրանք կշտկվեն:
«Կարող ենք վստահաբար ասել, որ ռազմական արդյունաբերության տեսանկյունից դրանք կշտկվեն, որովհետև դրանք խիստ անհրաժեշտ են, որ ոլորտի զարգացումը միտված է մեր պաշտպանական ամբողջ համակարգի՝ ՊՆ-ի, ուժային բլոկի, ՆԳՆ-ի, ԱԱԾ-ի կարիքները հոգալուն, մեր ներքին սպառումը, նաև ներքին ռեսուրսների տեսանկյունից, շատ լավ ցուցանիշներ արձանագրելու տեսանկյունից»,- ասաց նա:
Եզրափակելով խոսքը՝ Քոչարյանը հայտարարեց. «Կխնդրեի, որ մենք հիմք ընդունենք 2023 թվականի կատարողականը՝ որպես որակական լավ ցուցանիշ ապահոված կատարողական… Ընդունենք, որ Կառավարությունը, այնուամենայնիվ, 2023 թվականի բյուջեն անվտանգության մասով, ես տեսնում եմ, որ կատարել է հավուր պատշաճի»: