Հասարակական կարգի անվտանգության ապահովման պատասխանատու հիմնարկը բոլոր ժամանակներում, բոլոր տարիներին ՆԳՆ-ն է կամ նախկին Ոստիկանությունը, և օպերատիվ իրավիճակի վերլուծության գնահատմամբ են տեղաբաշխում ուժերի միջոցները: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու է իշխանությունը մեծաթիվ ոստիկաններ կուտակել Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցների հատվածում:
Լրագրողների դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները խոսում են ընդդիմադիրների կողմից հնարավոր սադրանքների մասին, Խաչատրյանը նշեց՝ ուրեմն կան նման տվյալներ, կամ հիմնավոր կասկածներ սադրանքների մասին, որովհետև մի քանի հարյուր կամ մի քանի հազար մարդ մի տեղ հավաքվելը հասարակական կարգի ապահովման առումով, նաև հանցագործությունների առումով ռիսկային է:
«Իրավապահների խնդիրն է՝ ամեն ինչ անել, որպեսզի և՛ երթը անցնի խաղաղ և առանց միջադեպերի, և՛ երթի մասնակիցների իրավունքները, կյանքը, առողջությունն ու ազատությունը ապահովվեն, նաև մեր քաղաքացիների»,- նշեց պատգամավորը:
Խաչատրյանը հերքեց լրագրողների տեղեկությունները, թե իշխանությունը սադրիչների է ներդնում շարժման մասնակիցների շրջանում:
«Հասարակական կարգի ապահովման ամենամեծ շահագրգիռ կողմը իշխանությունը և Կառավարությունն են՝ ի դեմս ՆԳ նախարարության: Եթե հասարակական կարգը բավարար չափով չի ապահովվում, դա վերաբերում է և՛ հանրահավաքի մասնակիցներին, և՛ մեր քաղաքացիներին, այստեղ արդեն ՆԳ նախարարության պատասխանատվության ներքո է: ՆԳՆ-ն առաջինն է շահագրգիռ, որ ամեն ինչ անցնի օրենքի շրջանակներում, իսկ եթե չի անցնում, դրա պատասխանատվությունը կրում է ՆԳՆ-ն: Հետևաբար, որևէ կառույցի շահերից չի բխում, որ այդտեղ ինչ-որ սադրանքներ լինեն: Սադրիչների ուրիշ տեղ ման եկեք»,- պարզաբանեց պատգամավորը:
Լրագրողներից մեկի հարցին՝ անհանգստացա՞ծ է արդյոք իշխանությունը, քանի որ բազմաթիվ են ոստիկանները Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում, Խաչատրյանը տվեց բացասական պատասխան, նշեց՝ որևէ անհանգստություն չկա:
«Սովորական հանրահավաք է, այսպիսի հանրահավաքներ տասնյակ անգամներ եղել են վերջին տարիների ընթացքում, ավելի մեծ հանրահավաքներ են եղել, ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ: Ոստիկանությունը, իրավապահ համակարգը միշտ կարողացել են իրենց առջև դրված խնդիրները հանգիստ ռեժիմով լուծել:
Սա հերթական հանրահավաքներից մեկն է, որևէ անհանգստություն չկա, բայց, կրկնում եմ՝ ուժերի միջոցների, ծավալի, նրանց տեղաբաշխվածության հարցը լուծվում է օպերատիվ և մի շարք վերլուծությունների հիման վրա»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է վախի մթնոլորտի առկայությանը երկրում, Խաչատրյանն ասաց՝ չի կարծում, թե ՀՀ-ում որևէ մարդ կա, որ վախենում է իշխանության ներկայացուցիչ ոստիկաններից: