Կապիտալ բնույթի ծախսերի հաջորդ կարևոր ուղղությունը կրթության ոլորտում ծրագրերն են, որոնք իրենց սահմանմամբ «300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագիր» ենք անվանել: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
2021-2023 թթ. արդեն շահագործված է եղել նման 28 դպրոց, գույքով ապահովվել՝ 24 դպրոց և 29 մարզադահլիճ: 2023-ի տարեվերջի դրությամբ ընթացքի մեջ են եղել 45 դպրոցներում շարունակվող աշխատանքերը, որոնց կեսից ավելին շահագործման կհասնեն այս տարվա ընթացքում:
«Շարունակվել է նոր դպրոցների կառուցման ծառայությունների համար մրցույթի անցկացումը, որոնց կառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա ընթացքում կամ արդեն մասամբ մեկնարկել են»,- հայտնեց փոխվարչապետը:
Այս տարվա ընթացքում դպրոցների կառուցման աշխատանքներ կսկսվեն ավելի քան 80 բնակավայրերում, իսկ առնվազն 50 բնակավայրերում կիրականացվեն գործող դպրոցների նորոգման աշխատանքներ:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բարձրացվել են կատարվող աշխատանքների որակի նկատմամբ պահանջները:
«Դրանք նաև 2024-ին իրականացվող կապիտալ ծախսային ուղղություններով ներկայացվող հիմնական պահանջը կարող ենք համարել: Կառավարության դիրքորոշումը հստակ է՝ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն պետական բյուջեով սահմանված զարգացման ուղղություններով կապիտալ բնույթի աշխատանքների կատարումը ժամանակին ապահովելու ուղղությամբ, սակայն դա չպետք է տեղի ունենա որակի հարցում թերացումների միջոցով»,- տեղեկացրեց փոխվարչապետը: