Դսեղ բնակավայրում Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել. ծառայությունը համալրվել է երեք ամենագնաց մեքենաներով:
Միջոցառմանը ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, համայնքային, բնապահպանական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Մեկնարկող համագործակցության ուղղություններից մեկը՝ սարքավորումներով Էկոպարեկային ծառայության կարողություններին խթանումը, կյանքի է կոչվել։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ ձեռքբերված, համապատասխան սարքավորումներով հագեցած երեք ամենագնաց մեքենաները WWF-Հայաստանի կողմից հանձնվել են էկոպարեկային ծառայությանը։
Ներկաներին ողջունել է նախարարը և շնորհակալություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիին՝ էկոպարեկային ծառայությունը տեխնիկական կարողություններով հագեցնելու խնդրին առաջինն արձագանքելու համար։
Նախարարը միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցության հույս է հայտնել։ Ներկայացրել է էկոպարեկային ծառայության ստեղծման անհրաժեշտությունը, շարունակական քայլերը ծառայության կայացման ուղղությամբ։
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ևս շրջակա միջավայրի պահպանման օրախնդիր է համարել էկոպարեկային ծառայության կայացումը և նշել, որ ծառայությանը նվիրաբերվող ամենագնացները շեշտելու են անտառների պահպանության բարձր որակը։
Գոռ Ասրյանը իր և մարզպետ Արամ Ղազարյանի անունից նույնպես շնորհակալություն է հայտնել՝ ինչպես նախարարությանը, այնպես էլ՝ միջազգային կառույցին նման կարևոր ծրագրի իրականացման համար: Նա երախտագիտություն է հայտնել նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը Լոռու մարզում աղետի գոտու վերականգնման աշխատանքներին աջակցելու պատրաստակամության համար:
Հուշագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու ծառայությանը Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի և այլ մարզերում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառտնտեսություններում կենսաբազմազանության պահպանման և կենդանիների ապրելավայրերի պահպանության գործում: