Հայաստանում հանդիպող գորշ արջերի ենթապոպուլյացիան փոքր է, իզոլացված և կարիք ունի պահպանության: Այս մասին հայտարարություն է տարածել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:
«Օրերս տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում։
Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) նշում է, որ աշխարհում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է գորշ արջի 44 ենթապոպուլյացիա: Դրանցից շատերը փոքր են, իզոլացված և կարիք ունեն պահպանության, ուստի IUCN կողմից գնահատվել են առանձին-առանձին։ Այդպիսին է նաև սիրիական գորշ արջի ենթապոպուլյացիան, որը հանդիպում է Հայաստանում։
Ընդգծենք, որ սիրիական գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով՝ թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր՝ վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: