Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն և պատրաստ է: Խոսքը 2022 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածության մասին է, ըստ որի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը պետք է բացվի 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտել ենք, և անցակետը պատրաստ է գործունեության համար: Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այդ քայլերը կիրականացվեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ երկխոսությանը, ապա Ռուբինյանն ասաց. «Այնպես չէ, որ հանդիպումներ չկան. եթե կհիշեք վերջին հանդիպումը՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների, տեղի է ունեցել այս տարվա փետրվարի վերջին Անթալիայում. նույն քաղաքում և նույն ժամանակ ես եմ հանդիպել Թուրքիայի ներկայացուցչի հետ: Պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ժամկետի և վայրի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք»: