Ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը մեր գործընկերության առանցքում է: Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, չնայած անվտանգության մարտահրավերներին և առաջացող հիբրիդային սպառնալիքներին՝ Հայաստանի Կառավարությունը վճռական է՝ հետևելու իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանը, ամրապնդելու համապատասխան պետական ինստիտուտները, ապահովելու օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը: Այդ մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս համատեքստում վերջին տարիներին մեր ակտիվ մասնակցությունը հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի փաստում է մեր հանձնառությունը և ներգավվածությունը՝ միտված առավել ամուր ժողովրդավարության կառուցմանը, և կլինի բավականաչափ՝ դիմագրավելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները:
Ես հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, լիովին աջակցում են և կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ ապահովել»,- ասաց նա: