Մենք համարում ենք, որ, այո, մոտ ենք Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն, և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել: Բնականաբար, այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ: Եթե հնարավորություն լիներ ամբողջովին, 100 տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, արդեն ստորագրած կլինեինք: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, ես Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա Ռուբինյանն ասաց հետևյալը.
«ՀՀ Սահմանադրությունը, դրա փոփոխությունները կամ չփոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, և դա չի կարող լինել բանակցային օրակարգ»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն օրերս հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»: