Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն աջակցում է Գազայում հրադադարի մասին առաջարկին:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել միջնորդների հետ և անուղղակի բանակցություններ սկսել ծրագրի սկզբունքների իրականացման շուրջ:
«ՀԱՄԱՍ շարժումը ողջունում է Անվտանգության խորհրդի բանաձևում ներառված դրույթները, մասնավորապես՝ Գազայում տևական հրադադարի հաստատումը, զորքերի լիակատար դուրսբերումը, գերիների փոխանակումը, Գազայի վերականգնումը, տեղահանված անձանց վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցանկացած ժողովրդագրական փոփոխություններից կամ Գազայի հատվածի տարածքի կրճատումից հրաժարվելը և Գազայի հատվածի բնակչությանը անհրաժեշտ օգնության տրամադրումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 14 երկիր, Ռուսաստանը ձեռնպահ է մնացել։