ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող՝ 2010-2014 թթ. ընթացքում Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առնչությամբ քրեական վարույթի նախաքննության արդյունքում վերականգնվել է համայնքին պատճառված էական վնասը։
«Մասնավորապես, 2019 թ. փետրվարին Ավան վարչական շրջանի բնակիչներից վարչական շրջանի ղեկավարին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ իրենք ավտոտնակների համար նախատեսված վճարումները թաղապետարանի աշխատակցի միջոցով կատարել են, ստացել են անդորրագրերը, սակայն հետագայում ծանուցվել են, որ ունեն տարբեր ժամանակահատվածների համար գոյացած պարտքեր:
Դիմումների հիման վրա նյութերի նախապատրաստմամբ վարչական շրջանի թաղապետարանում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:
Դեպքի առթիվ դեռևս 2019 թ. մարտին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դիմումատու քաղաքացիները ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, այդ թվում նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի գրասենյակից ստացված տեղեկատվության արդյունքում, որ նշված վարչական շրջանում առկա է ընդհանուր 1494 ավտոտնակ:
Նախաքննության ընթացքում անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվել վերոնշյալ ավտոտնակներին տիրապետող բնակիչների հետ, որոնք ներկայացրել են համապատասխան վճարման անդորրագրեր։
Վերոնշյալ անդորրագրերի զննությամբ պարզվել է, որ քաղաքացիները նշված ժամանակահատվածում կատարել են ընդհանուր 10.612.000 ՀՀ դրամ գումարի վճարումներ, որոնցից վարչական շրջանի բյուջե մուտք է արվել ընդամենը 1.183.000 ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մինչև 2014 թ. ավտոտնակների վարձավճարների հավաքման բազա վարչական շրջանում չի եղել։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում համապատասխան պաշտոնն զբաղեցրած անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով նրա ենթակայությամբ վարչական շրջանի աշխատակազմի մեկ այլ աշխատակցի և աշխատակից չհանդիսացող անձի կողմից, որն ավելի վաղ ազատված է եղել աշխատանքից, վարչական շրջանի բնակիչներից հավաքված՝ ավտոտնակների համար կատարված վարձավճարներից առերևույթ 9.429.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չեն մուտքագրել:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է, որը մուտքագրվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին:
Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում համայնքապետարանի նշված նախկին աշխատակիցների (որոնցից 2-ը մահացել են) գործողություններին վերջնական քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: