Ազգային ժողովը հունիսի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն է: Նրա խոսքով՝ առաջին ընթերցումից հետո Կառավարության առաջարկությամբ նախագծում կատարվել են խմբագրական փոփոխություններ:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Շրջանառության և միկրոձեռնարկատիրության հարկերի արտոնյալ համակարգերի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորներից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, սակայն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Կառավարությունն ընդունել է նախաձեռնության առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հնչեցրած առաջարկը: Նախատեսվել է, որ ավելացված արժեքի գծով վերաձևակերպումները կկատարվեն միայն առաջընթաց կիրառության տրամաբանությամբ, այն է` 2024 թվականի հուլիսի 1-ից հետո կատարվող ձեռքբերումների մասով միայն:
Մարզերում կազմակերպվող հանրային սննդի գործունեության մասով շրջանառության հարկի բեռի վերանայումը մեկ տարի ավելի ուշ` 2025 թվականի հունվարի 1-ի փոխարեն 2026 թվականի հունվարի 1-ին կատարելուն առնչվող փոփոխությունը քննարկվել և նպատակահարմար է համարվել ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հետ կազմակերպված քննարկումների շրջանակում: «Սա հիմնավորվում է այն տրամաբանությամբ, որ մարզերում այս գործունեության տեսակն ավելի ընդգծված սեզոնայնություն ունի, և երկրորդ` ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու հնարավորություններն ավելի սահմանափակ են, քանի որ դրանք հիմնականում կատարվում են տնային տնտեսությունների կողմից»,- ընդգծել է Արման Պողոսյանը:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառին եւ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւս ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Առաջին ընթերցումից հետ փոփոխություններ չեն եղել:
Պատգամավորները քննարկել են նաև ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո փաթեթում կատարվել է մեկ տեխնիկական փոփոխություն:
ՀՀ հարկային օրենսգրքում և «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո կատարվել են որոշ փոփոխություններ: «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում գործունեության որոշ տեսակներ իրականացնող շահագործողների համար սահմանվել են ազատ տնտեսական գոտում իրական ներկայության պայմանները: ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածում ավելացվել են եկամուտների որոշ տեսակներ, որոնք շահութահարկից չեն ազատվում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների հետ կապված գործունեություններին:
Կատարվել են նաև այլ փոփոխություններ:
««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
Խորհրդարանը քննարկել է նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացում նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախաձեռնության վերաբերյալ ներկայացվել են հիմնականում տեխնիկական բնույթի առաջարկություններ:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են հիմնականում խմբագրական փոփոխություններ:
ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները բարձրաձայնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունն իրականացրել է մեկ տեխնիկական փոփոխություն: Նախատեսվում է, որ նախագիծն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
«Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխությունները նույնպես ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարության առաջարկությամբ նախագծում կատարվել են երկու տեխնիկական փոփոխություններ:
ՀՀ-ում խաղային ոլորտի համապարփակ կարգավորմանն ուղղված նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Խաղային գործունեության կարգավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունները՝ այստեղ: