Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների հետ: Տղաների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող՝ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը: Տղաներին պարզաբանվել են ծրագրի նպատակը, իրագործման մեթոդները և առաջիկա անելիքները: «Հիմնադրամի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալ֊տնտեսական վերաինտեգրմանը հասարակությանը՝ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: Ծրագրի արդյունքում տղաները ձեռք են բերում կայուն եկամտի աղբյուր, մուտք են գործում աշխատաշուկա, սկսում զբաղվել բիզնեսով, ինչը նրանց թույլ է տալիս լինել ինքնաբավ»,֊ նշել է ծրագրի ղեկավարը: Տղաներն իրենց առաջարկություններն են ներկայացրել հիմնադրամին՝ ծրագրի արդյունավետությունը և իրազեկումը բարձրացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում տղաները բարձրացրել են նաև իրենց հուզող հարցերը, քննարկվել են դրանց լուծումները գտնելու ուղիները: Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել նմանատիպ քննարկումներ, ինչը հիմնադրամին հնարավորություն կտա վեր հանել պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների խնդիրները և ապագայում իր ծրագրերի միջոցով լուծումներ տալ դրանց: