Այնպես, ինչպես Հարկային օրենսգրքով կա «միասնական հարկային հաշիվ» հասկացությունը, այնպես էլ կունենանք միասնական պետական տուրքի համար միասնական հաշիվ, որից կկատարվեն բոլոր այն վճարումները, որոնք վերաբերում են տարեկան պետական տուրքերին: Այսինքն՝ մեկանգամյա տուրքերը կտարանջատենք տարեկան պետական տուրքերից, որպեսզի մի տուրքը մյուսի պարտավորությունը չմարի, և հակառակը: Այս մասով կարգավորումների նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի հունիսի 11-ի նիստին ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Նախագծի ընդունմամբ կստեղծվի ավտոմատացված համակարգ լիազոր մարմինների կողմից, որոնք կտրամադրեն լիցենզիաներ, թույլտվություններ, արտոնագրեր, և ավտոմատ, ինքնաշխատ եղանակով տեղեկատվությունը կարտացոլվի համակարգում: Տեղեկությունը հասանելի կլինի նաև հարկային մարմնում:
«Հարկային մարմնում ավտոմատ կգեներացվի տարեկան պետական տուրք վճարողի պարտավորությունը յուրաքանչյուր հերթական գալիք տարվա համար՝ ըստ իր վճարման վերջնաժամկետի»,- ասաց նա:
Առաջարկվում է, որ փոփոխությունն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, մինչև այդ կներդրվեն բոլոր համակարգերը:
«2026 թվականի հունվարի 1-ից վսատահաբար կարող ենք ասել, որ կունենանք (այնպես, ինչպես այսօրվա պարտավորությունների համար ունենք) այդ համակարգը՝ առանց ձեռքի միջամտության պետական տուրքի հաշվառման համակարգը, որի պարագայում կբացառվի մարդկային միջամտությունը համակարգին»,- ասաց նա: