Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը տեղեկացրեց՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման իրավական հիմքերի ստեղծմամբ:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է լրացնել դրույթ, համաձայն որի՝ լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով հարկային մարմնին են տրամադրում նույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը:
Միաժամանակ, ՀՀ ջրային օրենսգրքի 42-րդ հոդվածի (Տեղեկատվության հրապարակայնությունը) 3-րդ մասի համաձայն՝ լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու իր բաժանորդների օգտագործած ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է նույն հոդվածը լրացնել նոր՝ 3.1-րդ մասով, համաձայն որի՝ լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու նույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները, այդ թվում՝ բաժանորդներին նույնականացնող տվյալները, հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով:
Նախատեսվում է ընդունել ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր, որոնց շրջանակներում կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման համար:
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ հարկային մարմնին հարկային հսկողության շրջանակներում օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման համար:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը խնդրեց կողմ քվեարկել նախագծին: