Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը խորհրդարանում քննարկման ներկայացրեց 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Սույն համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը:
«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, համագործակցության իրականացման միջոցները»,- հայտնեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ համագործակցության ուղղություններ են հանդիսանալու զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցումը և տեխնիկական աջակցությունը, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացումը, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնումը, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:
Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:
Համաձայնագրի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով:
Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում:
Համաձայնագրում ամրագրված է նաև դրա մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը:
Համաձայնագրի վավերացմամբ կողմերը ընդունում և ամրապնդում են համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և տնտեսական ոլորտներում:
Համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ժամանակակից սպառազինության, ռազմական և այլ տեխնիկայով համալրման և հեռանկարային զարգացման համար հնարավորությունների և կարողությունների ստեղծմանը:
Համաձայնագիրը ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված պայմանագրերի իրավունքի նորմերին և սկզբունքներին, ուղղված է ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր բնույթ կրող՝ պետությունների համագործակցության սկզբունքի գործնական իրականացմանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» Համաձայնագրի վավերացումը:
Պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով՝ համաձայնագիրը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն:
Սարգսյանը կոչ արեց կողմ քվեարկել համաձայնագրին: