2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ, ինչը 72 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պետական գույքի գնորդների և օգտագործողների կողմից ստանձնվել է շուրջ 34 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն առաջիկա 5 տարվա համար: Օտարվել է 70 անվանում անշարժ գույք և պետական համակարգից օպտիմալացված 488 ավտոմեքենա, իրականացվել է 68 միավոր անշարժ գույքի նվիրատվություն համայնքներին և քաղաքացիներին: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 11-ի նիստին ասաց ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը:
2017-2020 թվականներին մրցույթով մասնավորեցվել են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը և ուղղակի վաճառքի ձևով` «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
«Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3 մլրդ 790 մլն դրամ, աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 459,9 տոկոս: Պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 2,6 մլրդ դրամ, իսկ 1,1 մլրդ դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ»,- ասաց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:
Մեկ մասնավորեցման մասով պրոֆիլի պահպանումն իրականացվել է, իսկ ներդրումները սահմանված ժամկետում չիրականացնելու համար գնորդի նկատմամբ հաշվարկվել է 30 մլն դրամի տուգանք:
«Հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որի կառավարման լիազորությունը փոխանցվել է առողջապահության նախարարությանը»,- ասաց Առնակ Ավետիսյանը: