ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱԺ ամբիոնից դիմելով նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին, ասաց. «Ստիպված եմ խոսել նրանց դատարկ աթոռների հետ»:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հեգնական տոնով են խոսել իրենց շարժման՝ իբր դրսից ֆինանսավորման մասին՝ փորձելով պնդել, թե նման բան չկա:
Ալեքսանյանը մեջբերեց ռուս պրոպագանդիստ Իգոր Կորոտչենկոյի գրառումը, որը նա արել էր անցած ամսվա 26-ին՝ հանրահավաքի օրը:
«Եվ այս ծաղրածուները որոշել էին Հայաստանում իշխանությո՞ւն վերցնել: Նորից հատկացվել են հարյուրավոր միլիոններ Փաշինյանի հեռացման համար, և այդ հարյուրավոր միլիոնները նորից գողացվել են էֆեկտիվ մենեջերների կողմից... Թու... Նա գոնե խաչը հանե՞ց»,- մի փոքր հատված ընթերցեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ եթե նման բան է հայտարարում ռուսական պետական ալիքների մշտական հյուր, իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող ռուս պրոպագանդիստը, արդյոք լեգիտիմ չէ՞ հարցը՝ արդյոք նման բան կա՞:
«Որովհետև եթե մեր ընդդիմադիր գործընկերները պնդում են, թե նման բան չկա, դա ապացուցելու մի ճանապարհ կա, հարգելի՛ գործընկերներ, հրապարակել այն բոլոր ֆինանսական մուտքերը, որ ունեցել է շարժումը (Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը - խմբ.), և նաև, պարոն Կորոտչենկոյի այդ մտավախությունը՝ գողանալու հետ կապված, փարատելու համար հրապարակել ծախսերը, որոնք կան»,- հորդորեց պատգամավորը:
Նա ընդդիմադիրներին մինչև ժամը 16:00-ն ժամանակ տրամադրեց հրապարակելու այն բոլոր մուտքերը և ծախսերը, որ արել է իրենց շարժումը:
«Միայն դա անելուց հետո լեգիտիմորեն կկարողանան ծաղրել դրսից ֆինանսավորման մասին իրենց թեզերը»,- խոսքը եզրափակեց Վահագն Ալեքսանյանը: