Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ոչ մի բան տեղի չի ունենա, որովհետև ընդդիմության մանդատների՝ վայր դնելու հետևանքով ոչ մի սահմանադրական կամ օրենսդրական ճգնաժամ չի առաջանում, գուցե ԱԺ-ում մի փոքր ավելի լուռ լինի: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը նաև չի հասկանում՝ ինչ է նշանակում ընդդիմադիրների այն համոզմունքը, թե «տաճարը կհաղթի փողոցին», կամ՝ «եռագույնն էլ՝ սև ու սպիտակին»:
«Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջանում քննարկել «տաճարը կհաղթի փողոցին» արտահայտությունը: Որովհետև իրական բովանդակություն չկա, որովհետև չգիտենք՝ իրենք ինչ քաղաքականություն են վարում: Հետևաբար, միակ տեսանելի և շոշափելի քաղաքականությունը, որ ունեն, հետևյալն է. իրենք ցանկանում են՝ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, իրենք գան իշխանության: Հիմա մեր դիրքորոշումն այն է, որ, ո՛չ, նախ՝ իրենք իշխանություն չեն ստանալու մեզանից, երկրորդ՝ իրենք կարող են ստանալ իշխանություն, եթե մասնակցեն հերթական խորհրդարանական ընտրություններին, ժողովորդն էլ համարի, որ իրենց պետք է քվե տա»,- ասաց նա:
Ինչո՞ւ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի թիմը պահանջեց ընտրություն: Քանի որ, ըստ Ռուբինյանի, մինչև 2018-ը չկար ժողովրդական ընտրությունների արդար մեխանիզմ:
«2017 թվականին մենք ասել էինք, որ ընտրություններն անցել էին համատարած ընտրակաշառքների միջավայրում, բայց բուն քվեախցում ընտրակեղծիք չի եղել: Հետևաբար երբ հեղափոխություն եղավ 2018 թվականին՝ ընդամենը 1 տարի հետո, դա ընդամենը ապացույցն էր, որ 2017 թվականի ընտրություններն արդար չեն եղել: Ուզում եք համոզել, որ հիմա ընտրությունները արդա՞ր չեն»,- ասաց Ռուբինյանը: