«Սրբազան շարժմանը» հետևում եմ ԱԺ դահլիճում: Մեր ընդդիմադիր գործընկերներն անվստահության գործընթաց չեն նախաձեռնել, և ինձ համար դա տարօրինակ էր: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի նախաձեռնությանը:
«Երեկ էլ ԱԺ նիստին հարցրի՝ ինչո՞ւ անվստահության գործընթաց չեք նախաձեռնել, և փոխարենը նախաձեռնել եք ԱԺ [ուղերձի նախագիծ]:
Ինձ համար տարօրինակ էր, որ ԱԺ անվստահության գործընթաց չէին նախաձեռնել, այլ նախաձեռնել էին ԱԺ ուղերձի նախագիծ: Այդ նախաձեռնության տակ ստորագրել էին ոչ բոլոր ընդդիմադիր պատգամավորները: Դուք ասացիք՝ Իշխան Զաքարյան, բայց ես նկատեցի, որ «Պատիվ ունեմ» դաշինքից ևս երկու պատգամավոր չէին միացել»,- ասաց Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 33 պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն: Ըստ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ երկու պատգամավոր միջնորդության տակ չէր ստորագրել տեխնիկական պատճառներով: Ազգային ժողովի խորհուրդը մերժել էր ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը:
Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ: