Հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք, որ այդ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների ներքո: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Ընդհանուր առմամբ սա է մեր դիրքորոշումը, և սա ասում եմ` անկախ Խաղաղության պայմանագրի համատեքստից: Ընդհանրապես, ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը սա է. տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն համաձայնություն, և այդ համաձայնությունը ֆիքսվել է 2022 թվականին Պրահայում, այնուհետև՝ Սոչիում, այնուհետև՝ Բրյուսելում, այնուհետև՝ վերջերս տեղի ունեցած՝ փոխվարչապետների ղեկավարության ներքո համապատասխան սահմանազատման հանձնաժողովների նիստերի ընթացքում արձանագրված համաձայնության համատեքստում: Եթե այս բոլոր համաձայնություններն արտահայտվեն Խաղաղության պայմանագրում, պայմանագիրը կարելի է շատ արագ ստորագրել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծին:
«Օրեր առաջ նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Ցանկանում եմ նշել, որ համաձայնագրի նախագծի շուրջ ավելի քիչ հարցեր են բաց մնացել»,- հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը։