Ընդդիմությունը, չիմանալով՝ ինչ անի սեփական սնանկության և անկարողության հետ, ինչ-որ ֆեյք պրոցես է փորձում գեներացնել, որի մեջ ներառել է տեքստ, որի մասին խոսում է արդեն 6 տարի: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Էլ ո՞նց ասենք՝ ձեր ուղերձի տեքստը ուղերձի տեքստ չի, այլ չուղերձի տեքստ է, ձեր չակնկալիքների պայքարի չուղերձի տեքստ է: Դուք չընդդիմություն եք»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա ընդդիմադիրներին մեղադրեց ժողովրդին խաբելու համար:
Հովհաննիսյանի խոսքով՝ այդ ուղերձը կյանքի իրավունք չի էլ ունենալու:
«Մենք չենք գալու այդ նիստին: Ես չեմ գալու այդ նիստին, և մենք չենք մասնակցելու, որովհետև ձեր օրակարգը սին, ոչ մի բանի մասին օրակարգ է: Դուք այս երկրում նման պրոցես չեք կարող գեներացնել: Դուք քաղաքականապես այդքան ունակ չեք»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» օրակարգով: Այդ մասին որոշում է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 33 պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհուրդ, որը մերժվել էր: