ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱԺ ամբիոնից դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին, նշեց՝ նրանց ուղերձին իրենք միանալու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ միտում, ո՛չ էլ առհասարակ պատրաստվում են միանալ:
«Հասկանո՞ւմ եք՝ մենք չենք կիսում այն մոտեցումը, որն ունեք: Դուք դեռ 2019-2020 թվականից ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Կառավարությունը պիտի հեռանա: Մենք ասում ենք՝ այդ օրակարգը չենք կիսում: Հիմա եկել եք այստեղ, այդքան մարդու հավաքել եք, այդ 400-500 հոգուն պահում եք Բաղրամյան պողոտայում, ամենօրյա ռեժիմով գալիս եք այստեղ, ներկայացնում, թե, իբր, մի կարևորագույն հարց եք բերել: Ի՞նչ է ստացվելու, պարոն Մինասյան»,- ասաց պատգամավորը:
Նա ընդդիմադիրներին հորդորեց ինքնախաբեությամբ չզբաղվել, պնդեց՝ իրենք չեն կիսում ընդդիմության օրակարգը:
«Չենք կիսում և չենք կիսելու»,- ավելացրեց Ալեքսանյանը:
Նա, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, նշեց՝ ցուցարարները կարևոր սոցիալական հարց են բարձրացնում:
«Ես լսել եմ այդ գաղտնալսումները, ու ցուցարարները բողոքում էին այն բրինձների քանակից, որ իրենք են ստանում ցույցերին մասնակցելու համար, պարո՛ն Մինասյան: Մեկը մասնավորապես ասում էր՝ մարդը հինգ բրինձ են տալիս մի օրում: Վերանայեք դա, պարո՛ն Մինասյան: Ինչքան բրինձ ասել եք, որ կտաք մի ցույցի համար, այդքան էլ տվեք»,- խոսքը եզրափակեց պատգամավորը: