Իմ շատ սիրելի գործընկեր պարոն Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ: Ըստ Սահմանադրության՝ արտահերթ նիստը պիտի հրավիրվի օրենքի ուժով, և, հիրավի, արտահերթ նիստը կհրավիրվի ամսի 17-ին: Սահմանադրությունը չի ասում, որ այդ նիստը պիտի կայանա: Մեր օրենքները և մեր օրենսդրությունն ասում են, որ նիստը կայանում է քվորման առկայության պայմաններում: Այս մասին ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստում հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի մեղադրանքներին:
«Այդ քվորումը կլինի՝ նիստը կկայանա, քվորումը չի լինի՝ նիստը չի կայանա»,- հավելեց Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ ԱԺ նախագահը նաև պատգամավոր է, որը, ինչպես մյուս պատգամավորները, կարող է արտահայտել և՛ իր անձնական կարծիքը, և՛ իշխող մեծամասնության կարծիքը:
Ռուբինյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորին, նկատեց՝ իր համար «մի քիչ տարօրինակ է», որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր եկել են Ազգային ժողով:
«Եթե ես չեմ սխալվում, ձեր սրբազան դաշինքի շարժումը երեկ հայտարարում էր, որ չպիտի թողնեք մեզ՝ գանք աշխատանքի: Ինչպես տեսնում եք, մենք բոլորս այսօր գործի ենք: Բայց ես չեմ հասկանում՝ դուք ինչի՞ եք եկել: Գուցե դրանում կողմնորոշվե՞ք: Հիմա ձեր տակտիկան ո՞րն է՝ Ազգային ժողովի նիստերը տապալե՞լ, թե՞ չտապալել: Կարո՞ղ է պարզվի՝ դուք այսօր եկել եք Ազգային ժողով, որ եթե նիստին չգրանցվեիք, աշխատավարձ չէիք ստանա այս նիստի համար»,- հավելեց Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ մի հետաքրքիր բան է նկատել երեկ և ուզում է՝ հանրությունն էլ այդ մասին իմանա: «Երեկ ԱԺ խորհրդի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր ընդդիմության առաջարկը՝ իրենց առաջարկած արտահերթ նիստը ավելի շուտ անցկացնել, երկու հարց եմ ուղղել մեր ընդդիմադիր գործընկերներին՝ ինչու է ներկայացվել Ազգային ժողովի ուղերձի նախագիծ և ո՛չ վարչապետին անվստահություն հայտնելու, ժողովրդական խոսքով ասած՝ իմփիչմենթի նախագիծ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ասացին, որ դա լրիվ այլ գործընթաց է, և երկրորդ հարցս՝ ինչու ուղերձում նշված չէ Բագրատ Գալստանյանի՝ վարչապետի թեկնածու լինելու անհրաժեշտության մասին: Էլի ասացին՝ դա այլ գործընթաց է:
Սա ինձ համար շատ տարօրինակ է, հարգելի գործընկերներ»,- խոսքը եզրափակեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանն էլ իր ելույթի ժամանակ հայտարարեց՝ ընդդիմությունը խաբում է իր հետևորդներին:
«Այդ նարատիվը, որ գեներացնում եք, որ դուք բերել եք ուղերձ, և այդ ուղերձով բոլոր խնդիրները լուծվելու են, բայց, այ, ՔՊ-ն չի գալիս, և այդ խնդիրները չեն լուծվելու, առաջին հերթին դուք անամոթաբար խաբում եք ձեր իսկ հետևորդներին:
Հուսով եմ՝ ձեր հետևորդները լսում են մեզ: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ խաբում են»,- ասաց Կոնջորյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ: