Հայաստանում սնանկության ոլորտի բարեփոխումների համատեքստում պետական մարմիններին, տեղական և միջազգային փորձագետներին ներկայացվել է Սնանկության նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Հանրային քննարկմանը բացման խոսքում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգը կարևոր նշանակություն ունի ապագա օրենսգրքի մշակման համար:
Այն համալիր ուսումնասիրությունների համապարփակ մի փաստաթուղթ է, որի անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց, քանի որ ոլորտի օրենսդրության բարեփոխման համար հրամայական է ունենալ այնպիսի փաստաթուղթ, որը թույլ կտա գնահատել առկա իրավիճակն ու ներկայացնել խնդիրների լուծման հնարավոր եղանակները:
Հայեցակարգը, հանդես գալով որպես անհրաժեշտ և արժեքավոր հիմք սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները ներառող մեկ միասնական օրենսդրական ակտի նախագծի մշակման համար, նպատակ ունի վերլուծել սնանկության ոլորտում առկա իրավիճակը, բացահայտել ոլորտում առկա խնդիրները և վերհանել կարիքները, միջազգային փորձի հաշվառմամբ ներկայացնել սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգային ուղղությունները և առաջարկվող լուծումները, ուրվագծել սնանկության նոր օրենսդրության կիրարկման ճանապարհային քարտեզը։
Սնանկության նոր օրենսգրքով նախատեսվում է անդրադարձ կատարել ոլորտի մի շարք առանցքային հարցերի, ինչպես օրինակ.
1) լուծարման և առողջացման գործընթացների հարաբերակցությունն ու բովանդակությունը.
2) պարտապանին սնանկ ճանաչելու հատկանիշները, հիմքերը, չափանիշներն ու պայմանները.
3) մորատորիումի շրջանակներում իրականացվող գործողությունների ծավալն ու բովանդակությունը.
4) սնանկության կառավարիչների կարգավիճակը, դերն ու լիազորությունների ծավալը.
5) պարտապանի գույքը, գույքագրման, գնահատման և իրացման կառուցակարգերը.
6) դատավարական ընթացակարգերն ու դատարանի դերը.
7) սնանկության հատուկ ընթացակարգերը և օտարերկրյա տարրի մասնակցությամբ վարույթը:
Քննարկման արդյունքներով փորձագիտական թիմը Արդարադատության նախարարության հետ համատեղ առաջիկայում ձեռնամուխ կլինի արդեն նոր օրենսգրքի նախագծի մշակմանը: Սնանկության նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը մշակվել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ և միջազգային ու տեղական փորձագետների ներգրավմամբ։
Քննարկմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն Տիգրան Դադունցը և Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական Նիկոլաս Մոլլերը: