Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 10-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ այցը տեղի կունենա նախագահ Էրդողանի հրավերով։
Անկարայում կայանալիք բանակցությունների ընթացքում Ալիևն ու Էրդողանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը և «կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ»։
Նախորդ անգամ Իլհամ Ալիևն Անկարա էր այցելել 2024 թվականի փետրվարի 19-ին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Այդ ժամանակ Էրդողանը նշել էր, որ անհրաժեշտ է օգտվել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու «պատմական» հնարավորությունից։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի»,- մայիսի 8-ին Անկարայում ընդունելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին՝ ասել էր Թուրքիայի ղեկավարը։