Շվեյցարիայում հունիսի 15-ին նախատեսված Ուկրաինայի խաղաղության համաժողովին մասնակցելու համար գրանցվել են 90 պետություն և կազմակերպություն, հայտնել է Շվեյցարիայի նախագահը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ 107 երկրի ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Շվեյցարիայի գագաթնաժողովին։
Նախագահ Վիոլա Ամհերդը պարզաբանել է, որ 80 պատվիրակություն, որոնք պաշտոնապես հաստատել են իրենց մասնակցությունը համաժողովին, կներկայացնեն պետություններ աշխարհի բոլոր տարածաշրջաններից. «Կեսը Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից են, մյուս կեսը՝ Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից»,- մանրամասնել է նախագահը։ Նրա խոսքով՝ հայտագրված երկրների մոտ կեսը ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով:
Պաշտոնյան տեղեկացրել է, որ վերջերս մասնակցությունը հաստատել է նաև Թուրքիան: Չինաստանը հրաժարվել է մասնակցելուց, ԱՄՆ-ից գագաթնաժողովին կմասնակցի փոխնախագահ Քամալա Հարիսը։
Շվեյցարիայի նախագահը հանդիպումը որակել է որպես կայուն խաղաղությանն ուղղված առաջին քայլ։
Ռուսաստանին չեն հրավիրել այս հանդիպմանը, սակայն, ինչպես հայտարարել է Շվեյցարիայի կառավարությունը, համաժողովի նպատակն է մշակել «ճանապարհային քարտեզ», որը հնարավորություն կտա հետագայում Ռուսաստանին և Ուկրաինային ներգրավել խաղաղ գործընթացում։