ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս անգամ այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ:
Մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։
Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Խորհրդային տարիներին եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ: Այս տարի նախատեսվող աշխատանքներին ընդառաջ՝ ուսումնասիրվել են եկեղեցու ներկա վիճակը, արդեն իսկ կատարված աշխատանքների ծավալը, և քննարկվել են վերականգնման հնարավորություններն ու դրա հետ կապված խնդիրները:
Հաջորդ հուշարձանը Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր (7-րդ դար): Վերջին անգամ եկեղեցին նորոգվել է 1975-1977 թվականներին: Տեղումներից առաջացած անձրևաջրերը տանիքածածկից ներթափանցում են եկեղեցու մեջ, և նախատեսվում է վերականգնել եկեղեցու ծածկը: Ընթացքի մեջ են Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները:
Աշխատանքային խումբն այցելել է նաև Աճարկուտ գյուղի մոտակայում գտնվող Առաքելոց վանքը: Մի քանի կառույցից (երկու եկեղեցի, գավիթ, զանգակատուն, այլ շինություններ) բաղկացած անտառապատ լեռների լանջերին գտնվող վանքը կիսավեր վիճակում է: Գլխավոր եկեղեցու պատերին և խորանի գմբեթարդին տեսանելի են քայքայված որմնանկարներ:
Շրջայցի վերջին կանգառը Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն էր: Նշենք, որ 2022 թվականին մեկնարկել են թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Տեղում ուսումնասիրվել են արդեն իսկ կատարված աշխատանքները և ներկա վիճակը, քննարկվել են առաջիկա աշխատանքների հետ կապված խնդիրները: