Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, լուծարելու և խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին։ Նախագահի խոսքով` ընտրության առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։
Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս որոշումն անվանում են «պատմական» և «բացարձակ անսպասելի»։ Այն ցնցել է ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Եվրամիությունը: Վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե ինչ մարտավարությամբ է առաջնորդվում Ֆրանսիայի ղեկավարը։ Մի մասը դա համարում է ռիսկային քայլ, մյուսները՝ հեռատես ռազմավարություն:
Մակրոնը Ազգային ժողովը լուծարելու և նոր ընտրություն անցկացնելու հայտարարությունն արել է, երբ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայում Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությունում մեծ տարբերությամբ հաղթում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը: Ծայրահեղ աջերի հավաքած ձայները 2 անգամ գերազանցել են Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության քվեները:
Մակրոնը մտահոգություն է հայտնել, որ Եվրախորհրդարանի ընտրությունում հաղթում են այն խմբակցությունները, որոնք դեմ են առաջընթացին։ «Խոսքը թե՛ տնտեսության զարգացման, թե՛ եվրոպական սահմանների համատեղ պաշտպանության, թե՛ Ուկրաինային աջակցության մասին է»,- նշել է նա։