ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 33 պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ։
Տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ընդդիմադիրներն առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել ԱԺ ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին։
Հիշեցնենք, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն: Մինասյանն ասել է, որ երկու պատգամավոր միջնորդության տակ չի ստորագրել տեխնիկական պատճառներով:
Ի դեպ, ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում են վարչապետի իմփիչմենթի գործընթաց սկսել: Դրա համար նրանց անհրաժեշտ էր առնվազն 36 ստորագրություն:
Ազգային ժողովի խորհուրդը մերժել է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը:
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ուղերձ ընդունելու իմաստը չեն տեսնում, քանի որ կառավարությունն ու վարչապետը վայելում են ժողովրդի վստահությունը։