Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով հիվանդանալու դեպքում դիմում և ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետև` առողջության բարելավման դեպքում, հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային համակարգում: Այս նախագծով առաջարկում ենք ստեղծել հնարավորություն, որ դիմելու դեպքում նման քաղաքացիները կրկին կարողանան ընդգրկվել համակարգում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու և նրանց` որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու անհրաժեշտությամբ:
Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ ստացված 3 առաջարկներն ընդունվել են:
Նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի` հունիսի 11-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: