Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին: Վերջինս մայրաքաղաքում է քաղաքապետի հրավերով՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջութակահարին՝ պատանի երաժիշտներին նման բացառիկ հնարավորություն տալու համար:
Խոսելով Երևանի ջերմ հյուրընկալության մասին իր տպավորությունների մասին՝ Ավգուստին Հադելիխը նշել է, որ ինքը ևս ոգևորությամբ ու անհամբերությամբ է սպասում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթին:
Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային
կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: